24 հուլիսի 2013 - 19:35 AMT
Գ.Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 24-ին հանդիպել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Ռոդիքա Պրինարիուին, ով օգոստոսի 15-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեության, արդյունավետ համատեղ աշխատանքի, երկու երկրների միջև տնտեսական գործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման համար:

«Բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովների նիստերը կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար միջավայրի ձևավորման հարցում»,- նշել է նախարարը:

Քրինա Ռոդիքա Պրինարիուն նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: