Ս.Սարգսյան. Թուրքիան միջազգային ապատեղեկատվական գործունեություն է ծավալել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը մնում է մեր տարածաշրջանի ամենաարդիական հարցերից մեկը: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն առնչվում է ոչ միայն երկու պետությունների փոխհարաբերություններին, այլեւ անմիջականորեն ազդում է տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա` դրանով իսկ կանխորոշելով կարեւոր գործընթացներ»,-ասվում է զեկույցում: Ըստ նախարարի, հայ-թուրքական հարաբերությունների լարված բնույթը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ստեղծում է մի շարք սպառնալիքներ` խոչընդոտելով Հայաստանի կայուն զարգացման գործընթացին: Մասնավորապես, ինչպես նշել է Ս.Սարգսյանը, Թուրքիան փորձում է,Հայաստանի վրա ճնշում գործադրելով, աշխարհի հայությանն ստիպել հրաժարվելու այդ քաղաքականությունից, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Թուրքիայի կարծիքով, իր տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներից մեկն է: Բացի այդ, հարցի առկայությունն իսկ Եվրամիությանը նրա ինտեգրվելու առաջնային խոչընդոտներից մեկն է: «Այս պատճառով Թուրքիան, խեղաթյուրելով փաստերը, ծավալում է միջազգային ապատեղեկատվական եւ այլ բնույթի բուռն գործունեություն»,-նշվում է զեկույցում:
Չնայած դրան, ասվում է փաստաթղթում, վերջին շրջանում հայ ժողովուրդն ունեցել է բավական առաջընթաց` մի շարք երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք դիտարկում ենք պատմական արդարության վերականգնման, այդ երկրի կողմից իր անցյալի վերաարժեվորման, դրանով իսկ նոր ոտնձգությունների բացառման համատեքստում: Հայաստանը գիտակցում է, որ սա դժվար գործընթաց է եւ անմիջականորեն կապված է Թուրքիայում ժողովրդավարական արժեքների հաստատման հետ»,-ասել է նախարարը: «Ուստի մեր երկիրը խնդրի լուծումը տեսնում է եվրոպական հարթությունում` որպես Թուրքիայի ժողովրդավարացման նախապայման եւ իր եվրոպական քաղաքականության մեջ առաջնորդվում է այդ նպատակով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու դիրքերից,-ավելացրել է Ս.Սարգայսնը: