7 մարտի 2006 - 15:37 AMT
Վարդան Օսկանյանը եւ Մեթյու Բրայզան քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ կողմերի միջեւ ծավալվեց հանգամանալից զրույց դինամիկ զարգացող եւ հագեցած հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նախարարը բարձր գնահատեց ամերիկյան կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ տնտեսական բարեփոխումների ուղղությամբ: Այդ առումով քննարկվեց Հայաստանին մեծածավալ դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշման հետ կապված որոշ մանրամասներ: Այնուհետեւ կողմերն անդրադարձան տարածաշրջանի էներգետիկ հարցերին` Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ էներգետիկ հնարավորությունների փոխկապակցման շրջանակներում: Նախարարը հակիրճ ներկայացրեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ գերակա ուղղությունները` շեշտադրում անելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կիրառման ընթացքի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ընթացող բանակցությունների վրա, որոնց երկրորդ փուլը հաջողությամբ ավարտվեց մարտի 6-ին: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերջին փուլից հետո ստեղծված վիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: