7 մարտի 2006 - 20:12 AMT
ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ զարգանում են Հայաստանից անկախ
Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում աճ է նկատվում եւ դա երեւում է նաեւ նրանից, թե ինչպես է փոխվում Երեւանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների համար շատ կարեւոր է այդ հատվածի դիվերսիֆիկացիան: Դա դարձավ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման թեմա: Խոսելով դիվերսիֆիկացիայի մասին, ես ի նկատի ունեմ ոչ միայն այլընտրանքային գազամուղը, այլ նաեւ էներգիայի այլ աղբյուրներ` քամին, գեոտերմալ աղբյուրները, արեւի էներգիան»,-ասել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը: «Էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության կարեւոր տարր է: Երկար տարիներ Հայաստանը եւ տարածաշրջանի բոլոր երկրները կախված են եղել ռուսական վառելիքի առաքումներից: Այժմ պետք է որոնել այլընտրանքային ուղիներ: Իրան-Հայաստան գազամուղը կարեւոր է Հայաստանի համար, եւ ԱՄՆ-ն չի խոչընդոտում դրա իրագործմանը: Մեր հարաբերությունները Իրանի հետ զարգանում են Հայաստանից անկախ: Ամերիկայի եւ ողջ աշխարհի համար կարեւորն այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ լինի: Այժմ այդ հարցով զբաղվում են ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԷ-ն»,-ասել է Բրայզան: Նա նաեւ կարեւորել է Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իագործումը, որը թույլ կտա լուծել բազում տնտեսական խնդիրներ: