ՄԱԿ-ի բանաձեւերը ընդունում են Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների կողմ
ՄԱԿ-ի բանաձեւերում կա դրական պահ, քանի որ այդ բանաձեւերի իմաստը ոչ միայն կայանում է նրանում, որ դատապարտելով տեղական ուժերի գործողությունները, դրանք առաջարկում են դուրս գալ գրավյալ հինգ շրջաններից: Իրականում դրանք օրինականացնում են Լեռնային Ղարաբաղի բանակցությունների կողմ լինելու փաստը, դա իրավաբանական բանաձեւ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի 1995-1999 թթ. արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերով, ներկայումս չափազանց կարեւոր է չանել կտրուկ շարժումներ, բարձրագոչ հայտարարություններ: «Լայնածավալ ռազմական գործողությունները կարող են փոփոխության ենթարկել բանակցությունների ձեւաչափը: Կառաջանա բոլորովին այլ դաշտ, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն հակամարտությունից շատ հեռու կանգնած երկրներ: Ինչին էլ, ի դեպ, ցանկանում է հասնել Ադրբեջանը, փորձելով տեղափոխել հարցը ՄԱԿ, ասելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը սպառել է իրեն»,-ասել է նա:
Հ.Իգիթյանը նկատել է նաեւ, որ այժմ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ում վերածվել է ժողովրդների իրավունքի: «Ձեւաչափի կամ հակամարտության ընթացի ցանկացած փոփոխություն պահանջում է նոր իրավաբանական հիմք: Այդ դեպքում, Հայաստանին եւ ԼՂՀ կարող է սպասել վատագույն սցենարը` Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի, կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պես մի բան»,-ընդգծել է Իգիթյանը: