Սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դաձնելու նպատակով Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Kolba Labs» նախագիծը, որը նպատակ ունի աջակցելու երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում: «Kolba Labs»-ը ձեռնարկությունների ինկուբատոր է՝ կոչված միավորելու առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները և, պետական և մասնավոր հատվածի ջանքերը միավորելով, երիտասարդներին բիզնես դաշտում աջակցելու և սոցիալական խնդիրները լուծելու համար:
Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջորջ Հոդջը կարևորել է համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանի հետ և առաջարկել է Երևանի քաղաքապետի օգնականին ներգրավվել «Kolba Labs« նախագծի գնահատող հանձնաժողովում: