1 օգոստոսի 2013 - 14:42 AMT
Գյումրիում դեռ կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ

ԱյսօրԳյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի աղբահանության խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ, «Աշխատանք և արժանապատվություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ:

Քաղաքապետը հակիճ ներկայացրել է քաղաքի աղբահանության ներկա վիճակը, մասնավորապես այն, որ բարեկարգվել է քաղաքի գլխավոր աղբավայր տանող ճանապարհը, քաղաքը նվեր է ստացել 10 աղբատար մեքենա, կատարվել են տեխնիկական միջոցների այլ համալրումներ ևս, ինչպես նաև քաղաքում տեղադրվել են բացմաթիվ աղբամաններ և դրանց առանձնացման համար կառուցվում են նաև բետոնե պատնեշներ:

Քաղաքապետը խոսել է նաև խնդիրերից, մասնավորապես նշելով, որ քաղաքի առանձին հատվածներում դեռևս կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ավագանու անդամներն ու հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին են փոխանցել քաղաքի տարբեր հատվածներում արված աղբի կուտակումների լուսանկար, ինչից հետո քաղաքապետը հանձնարարել է համապատասխան բաժնի ղեկավարին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել մատնանշված թերությունները: