2 օգոստոսի 2013 - 12:36 AMT
Սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում

Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ անվտանգության և տնտեսական աճի խթանման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայրենիքում ինտեգրման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ: