Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնելու, որի օրակարգում մի քանի ուշագրավ որոշման նախագծեր կան:
Ներկայացվելու է որոշում, որով բավարարվելու է «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արտավան ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տալու հայտը և հաստատվելու են լիցենզիայի պայմանները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀԾԿՀ-ից:
ՓՀԵԿ-ը նախատեսվում է կառուցել Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի վարչական տարածքում` Արփա գետի Արտավան վտակի վրա: Լիցենզիան նախատեսում է մինչև 2016 թվականի հունվարի 16-ը գործողության ժամկետ:
Մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Լեռ էքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գեղի-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N106Ա որոշմամբ տրամադրված N0176 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի 3-ը:
«ՏԱՍՄԱՆ» ընկերությանը` №0176 լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու համար որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում պետք է պետբյուջե փոխանցի չվճարված 5.112.500 դրամ:
Միայն թե այս որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 3-ից, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս որոշման նախագիծն այսօր է ներկայացվելու: