7 օգոստոսի 2013 - 15:18 AMT
Քաղաքապետը բուժհաստատությունների ղեկավարներին խնդրել է ոլորտի բարեփոխումների առաջարկներ անել

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում բուժհաստատություններում անցկացվող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել ակցիային մասնակցության պատրաստակամության ու աջակցության համար, և ընդգծել, որ արդեն ավանդական դարձած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական. «Բուժհաստատություններում մեկնարկած անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում երևանցիներին հնարավորություն է տրվել շուրջ մեկ ամիս անցնել անվճար բուժհետազոտություն, ստանալ խորհրդատվություն, հարկ եղած դեպքում` նաև վիրահատվել անվճար:

Մեր հիմնական նպատակն այն է, որ հատկապես սոցիալապես անապահով մեր համաքաղաքացիները նմանատիպ ակցիաների շրջանակում հնարավորություն ունենան ստանալ անհրաժեշտ որակյալ բուժօգնություն: Լիահույս եմ, որ շատ քաղաքացիներ կկարողանան օգտվել այս հնարավորությունից, ինչը թույլ կտա որոշակիորեն հոգ տանել նաև նրանց առողջական խնդիրների լուծման համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարները վստահեցրել են, որ լիարժեք կիրականացնեն քաղաքացիների սպասարկումը:Հաշվի առնելով, որ հանդիպմանը ներկա գտնվող բուժհաստատությունների ղեկավարների մեծ մասն ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետարանին կից բուժհաստատությունների տնօրենների խորհրդի կազմում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է մշակել ու առաջիկայում ներկայացնել նաև մայրաքաղաքի առողջապահական ոլորտի բարեփոխումների հետ կապված իրենց մոտեցումներն ու առաջարկները, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: