7 օգոստոսի 2013 - 17:12 AMT
ՊՆ-ում քննարկել են հայ-ռուսական գործակցությունը

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր է գնահատել դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: