
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության մամուլի բաժնից: Առաջին կանգառը Նորաբացում էր, որտեղ նախարարը մասնակցել է համայնքի նորակառույց բժշկական ամբուլատորիայի բացմանը։ Գյուղի 2190 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր դեռ 1940թ., վթարային վիճակում էր և չուներ կոմունալ տարրական հարմարություններ:
Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդիկ Բարսեղյանի և համայնքի բնակիչների ուղեկցությամբ ծանոթացել է նորակառույց ամբուլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրել է, որ եկող տարի ամբուլատորիային լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։
Այնուհետև նախարար Դումանյանը մասնակցել է Սայաթ-Նովա համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բացմանը։ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքների 4 հազար բնակչությանը սպասարկող կենտրոնը նախկինում տեղակայված էր հարևանությամբ գտնվող դպրոցի շենքում և զուրկ էր կենցաղային տարրական հարմարություններից։ Դերենիկ Դումանյանը նշել է, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա ունենք։
Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ այս տարի կառուցվում կամ հիմնանորոգվում է ևս 13 ամբուլատորիա, որից 3-ը Արարատի մարզում (Նոր Խարբերդի հիմնանորոգված կենտրոնի բացումը մի քանի օր առաջ է տեղի ունեցել)։ Ամբուլատորիաներում աշխատող բոլոր բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով։
Ութ ամսում կառուցված Նորաբացի և Սայաթ-Նովայի կենտրոններում առաջնային բժշկական օգնության համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են։ Դրանք հագեցվել են առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով: