7 օգոստոսի 2013 - 17:42 AMT
Ֆեյսբուքում կոչ են անում կոտրել արտասահմանյան օղու շշերը և թույլ չտալ Սամվել Ալեքսանյանին կեղծել խմիչքները

«Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները». Երեկ Ֆեյսբուքում նոր էջ է ստեղծվել, որի նկարագրության մեջ նշված է. «Հայտնի փաստ է, որ ՀՀ-ում հայտնի օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) տևական ժամանակ կեղծում է տարբեր ալկոհոլային խմիչքներ, հիմնականում օղիներ:

Ընդ որում, եթե դա ժամանակին արվում էր միայն տեղական արտադրության օղիների հետ, ապա հիմա նաև արտասահմանյան թանկարժեք օղիների դեպքում: Վճարելով թանկ գին, մենք իրականում գնում ենք Սամվել Ալեքսանյանի կողմից կեղծված օղին` օրիգինալ շշով, որը նա հավաքում է աղբարկղներից և կրկին շշալցնում արդեն իր` անորակ օղիով (այս առթիվ եղավ նաև միջազգային սկանդալ` կապված ուկրաինական օղիները կեղծելու փաստի հետ):

Սա թույլ չտալու համար առաջարկում ենք հետայսու օգտագործելուց հետո կոտրել բոլոր արտասահմանյան օղու շշերը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը հնարավորություն չունենա դրանք հավաքել, կեղծել և թանկ գնով մեզ վաճառել կեղծված օղի: Բոլորս կոտրում ենք մեր գնած ռուսական, ուկրաինական և այլ երկրների արտադրության օղու շշերը: Թույլ չտանք Լֆիկ Սամոյին խաբել մեզ և մեզ վաճառել կեղծված ռուսական և այլ օղիներ»: