
Իրանի նոր նախագահը նախորդից ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի որոշակի հարցերին չպատասխանի, ապա անհասկանալի իրավիճակ կառաջանա: «Չի բացառվում, որ Եվրամիությունը Հայաստանից Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պահանջի իրականացնել հակաիրանական քայլեր, ինչն էլ անհանգստացնում է Իրանին: Հայաստանը մոռանում է, որ բացի ՌԴ-ից և Արևմուտքից, կա նաև Իրանը: Այն հասկացնել է տալիս, որ իրենք կարող են անցնել սահմանը և վերջ»,- ասաց քաղաքագետը` հիշեցնելով օրերս հրապարակված տեղեկությունները Հորադիզ-Ասլանդուզ ադրբեջանաիրանական անցակետի բացման վերաբերյալ:
Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Արևմուտքի հետ Հայաստանի սերտ կապերը Իրանը համարում է վտանգ իր երկրի ու ազգային շահի համար: Ըստ նրա` չի բացառվում, որ Իրանն իր այս ճնշումներով փորձում է ստիպել Հայաստանին հրաժարվել կոմպլեմենտարիզմի քաղաքականությունից: «Անընդհատ ասում են` Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա, բայց մենք քանի տարի է` նստել ենք երեք աթոռի վրա, իսկ երրորդը Իրանն է: Իրանը պարզ հասկացրեց, որ ինքնուրույն ուժ է և չի կարելի նրան նույնացնել Ռուսաստանի հետ, ինչպես մեզ մոտ են հաճախ ասում»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Իրանի վերջնագիրն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան Ռուսաստանինը: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է պահպանի չեզոքությունը, խոստումներ չտա:
Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ԼՂ հարցի շուրջ, Սերգեյ Շաքարյանցն ասաց. «Ղարաբաղյան հարցն այսօր հայտնվել է այն վիճակում, որ Իրանը կարող է նվաստացնել թե Հայաստանին, թե Ադրբեջանին»: