9 օգոստոսի 2013 - 15:08 AMT
Փորձագետ. Սիրիական լավատեսությունը, թե ամեն ինչ կավարտվի աշնանը, փոքր ինչ չափազանցված է

Սիրիայում ընդդիմությունը բաժանվել է երկու թևի` սիրիական ազատ բանակի և իսլամականների միջև, կարծում է արևելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը: Ըստ փորձագետի` երկրորդի դեպքում տարանջատումները շատ կտրուկ են։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Մանուկյանը նկատեց, որ Բաշար Ալ-Ասադն ասել է` մինչև աշուն հարցերը լուծված կլինեն: Փորձագետն ընդգծեց, որ սա առաջին անգամ է, երբ սիրիական իշխանությունները հստակ ժամկետ են ասում:

«Հատկանշական է, որ սիրիական իշխանությունները վերջին շրջանում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել: Սակայն սիրիական լավատեսությունը, թե ամեն ինչ կավարտվի աշնանը, փոքր ինչ չափազանցված է»,- ասաց նա:

Սուրեն Մանուկյանը նշեց, որ պատերազմը դեռ երկար կշարունակվի: Նա նաև շեշտեց, որ Սիրիան այն երկրներից է, որի շուրջ ոչ միայն տեղեկատվությունն է շատ, այլև՝ ապատեղեկատվությունը: