
Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը երկրորդ անգամ մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` խափանման միջոց կալանքը փոխելու և դատարանից ազատ արձակելու մասին:
Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ այսօրվա դատական նիստի ժամանակ ևս պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Տիգրան Առաքելյանի` արդեն ճիշտ 2 տարի կալանքի տակ գտնվելու անհիմն լինելու մասին` վերջնական դատական ակտ չլինելու հիմնավորմամբ: Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ քննությունից թաքնվելու դեպքում շահ չունի և խնդրել բավարարել կալանքը փոխելու մասին միջնորդությունը:
PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացված բողոքը մասնակի բավարարվել էր` գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան` նոր քննության: Որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ: