Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, որոնք Ֆրանսիայից ժամանել են Արցախ «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է LՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կարեն Միրզոյանը կարևորել է նրանց կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում:
Երիտասարդական միավորման ներկայացուցիչներն իրենց հերթին նախարարին ներկայացրել են իրականացվող ծրագիրը՝ ուղղված Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնների վերանորոգմանը, ինչպես նաև Ստեփանակերտում 7-14 տարեկան երեխաների համար ժամանցի կենտրոնի բացմանը:
ԼՂՀ արտագին գործերի նախարարը նաև պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հանդիպման ավարտին երիտասարդական միավորման անդամները հույս են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: