9 օգոստոսի 2013 - 19:58 AMT
Արմեն Չախալյանի խափանման միջոցը նույնն է մնացել

Ջավախահայ հասարական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանի գործով այսօր նշանակված դատական նիստն ավարտվել է: Նրա երեք դատապաշտպանները 7 միջնորդություն են ներկայացրել, որից առաջնայինը խափանման միջոց ընտրված կալանքը փոխելը և Արմեն Չախալյանին ազատ արձակելն էր:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Չախալյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հունիսի 29-ին` Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ մոտ հիսուն երիտասարդների հետ միջադեպ է եղել, և քանի որ Արմեն Չախալյանը հեղինակություն է վայելում, նրան իր ընկերների կանչել են, որպեսզի հարթի կռիվը: Այդ ժամանակ էլ հատուկ ուժերը ձերբակալել են նրան և մոտ 30 երիտասարդի ու տարել Ախալցխա: Ավելի ուշ բերման ենթարկվածների թիվը հստակեցվեց`17 երիտասարդ, որից 13-ն ազատ էր արձակվել: