9 օգոստոսի 2013 - 20:54 AMT
Ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

Այսօր աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետություն է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ոստիկանութան լրատվական բաժնից:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայ գործընկերներին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Հայաստանի ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Վրաստանի ՆԳՆ «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ոստիկանության Վաքե-Սաբուրթալիի շրջանի բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպմանը: ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Վրաստան շարունակվում է: