«Տանկային բիաթլոն» համաբանակային մրցումները մեկնարկել են մերձմոսկովյան Ալաբինոյում: «ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ առաջին անգամ են անցկացվում նման մրցումներ: Չորս օր շարունակ մարտական վարպետությունը կցուցադրեն ՌԴ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ԶՈւ տանկային վաշտերն ու անձնակազմերը»,-ասել է ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Բախինը բացման ժամանակ: Ըստ նրա, «մրցումները նվիրված են պատերազմների պատմության մեջ ամենախոշոր՝ Պրոխորովկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտին»:
Մրցումների վերջին փուլը տեղի կունենա օգոստոսի 17-ին, հաղթողների գլխավոր մրցանակը կլինի «Նիվա» ավտոմեքենան, գրում է «Վզգլյադ» թերթը:
Տանկային բիաթլոնի համար հատուկ կառուցվել են նոր հրաձգարաններ՝ 6100 և 3000 մ երկարությամբ:
Յուրաքանչյուրն ունի խոչընդոտներ՝ արգելապատնեշներ, կամուրջներ, արագընթաց հատվածներ, նշանակետեր: Իսկ հիմնական մասնակից տանկ է ընտրվել Տ-72-ը: Այդ տանկերը կազմում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի զրահատանկային զորքերի հիմքը, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների մասնակիցների համար:
Ըստ մրցումների պայմանների, յուրաքանչյուր տանկ պետք է անցնի 30 կմ՝ 3 շրջան յուրաքանչյուրը 6-10 կմ, ընդ որում յուրաքանչյուր շրջանում նա պետք է ոչնչացնի տարբեր տիպի թիրախներ: