15 մարտի 2006 - 19:42 AMT
Ոչ մի երաշխիք չկա, որ նոր պատերազմի արդյունքում Բաքուն ստիպված չի լինի խոսել արդեն տարածքների 40 տոկոսի մասին
Հայաստանի պատասխանը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին համարժեք չէ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Հայաստանում չեն արվում ռազմատենչ հայտարարություններ, հակառակը, մենք համարժեք պատասխան չենք տալիս այն ռազմատենչ հռետորությանը եւ մթնոլորտին, որը տիրում է Ադրբեջանում: Ադրբեջանական ժողովրդին մոլորության մեջ են գցում հայտարարություններով այն մասին, թե Հայաստանն այնքան թույլ է, որ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ սկսելուն պես կարող է վերադարձնել իր հողերը: Իր տարածքների տակ Ադրբեջանը հասկանում է ոչ միայն փաստացի հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը եւ մերձակա տարածքները, այլ նաեւ, հայկական Զանգեզուրը»,-ասել է նա: Նրա խոսքերով, ստեղծված իրավիճակը համարժեք պատասխան է պահանջում, որը կդառնա պատերազմը կանխելու, այլ ոչ թե խթանելու միջոց: «Ադրբեջանից հնչող հայտարարություններն ուղղակիորեն պատերազմի կոչ են անում: Իսկ մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք պատերազմի: Մենք կոչ ենք անում նրանց մոլորության մեջ չընկնել եւ չծավալել ռազմական գործողություններ: Այսօր Ադրբեջանը խոում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող իր տարածքների 20 տոկոսի մասին, եւ չկա ոչ մի երաշխիք, որ նոր պատերազմի արդյունքում նա ստիպված չի լինի խոսել արդեն 40 տոկոսի մասին»,-ասել է Ա.Ռուստամյանը: Նա համարում է, որ դա կանխիչ միջոց է, որը կարելի է կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլ միջոց չկա: Ըստ նրա, ղարաբաղյան պատերազմում հրադադար հաստատվեց ոչ թե միջազգային հանրության շնորհիվ, այլ կազմակերպված ինքնապաշտպանության եւ ադրբեջանական ագրեսիան ետ մղելու արդյունքում: