17 մարտի 2006 - 13:39 AMT
Աշխարհագրական քարտեզը չես փոխի` հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ապրել հարեւանությամբ
Ղարաբաղյան հակամարտության գործում իր դերն ունեցավ մի մեծ գործոն` մշտական քաղաքական անկայունությունն Ադրբեջանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության թեմայով «Սեւ այգի» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով, ճգնաժամային պահերին` Շուշիի եւ Լաչինի համար մղվող մարտերի ժամանակ ադրբեջանական ջոկատներն ուղղակի լքեցին քաղաքը, մասնակցելու համար ներքին քաղաքական խժդժություններին: «Եվ տարածքների ամենամեծ կորուստը` Աղդամի, Ֆիզուլիի հանձնումը տեղի ունեցան 1994 թվականի անիշխանության ժամանակ»,-գտնում է դը Վաալը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցանկացած դիտորդի համար պարզ է, որ աշխարհագրական քարտեզը չես փոխի: «Հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ապրել հարեւանությամբ: Ուստի շատ տխուր է տեսնել, թե ինչպես են երկու հասարակությունները` դրանց մեծամասնությունը, մինչեւ հիմա ապրում է հին հասկացություններով: «Ղարաբաղը մերն է եւ անբաժանելի է» Ոչ ոք պատրաստ չէ փոխզիջումների, ուստի եւ շատ դժվար է հասնել լիակատար խաղաղության»,-ասել է լրագրողը: Այս փաստի համար պատասխանատվությունը Թոմաս դը Վաալը դնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների վրա: «Խաղաղ պլանի ընդհանուր ուրվագծերն հասկանալի են` Ղարաբաղը դե-ֆակտո կպահպանի այն կարգավիճակը, որը նա այժմ ունի Հայաստանի հետ միջանցքով, Ադրբեջանը ետ կստանա մյուս տարածքները, փախստականներին իրավունք կտրվի վերադառնալ իրենց տները...Սակայն առանց երկխոսության եւ փոխադարձ վստահության չի լինի այն հիմքը, որի վրա հնարավոր լինի սկսել կարգավորման գործընթացը»,-ընդգծել է նա:


Թոմաս դը Վաալի հարցազրույցը ամբողջությամբ