
«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների և ոստիկանության միջև բախման վերաբերյալ:
«Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ սկսել է բազմահարկ շենքի շինարարություն, ինչին անընդհատ դեմ են արտահայտվել բնակելի շենքերի բնակիչները:
Քննարկմանը մասնակցել են «Նախախորհրդարանի» անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական համակայանության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Երևանի քաղաքապետարանը, ոստիկանությունը, «Լիբեր» ՍՊԸ-ն մերժել են հրավերը:
Օգոստոսի 21-ին վերսկսված շինարարությունը կանգնեցնելու նպատակով` ակտիվիստների հետ շինհրապարակ է մտել նաև Տիգրան Խզմալյանը, որին ոստիկանները ենթարկել են վարչական բերման և բաց թողեցին մոտ երկու ժամ անց:
Խզմալյանն ասել է, որ ոստիկանների վերաբերմունքն իր հանդեպ կոռեկտ է եղել, մինչդեռ բնակիչների նկատմամբ վերաբերմունքն այդպիսին չէր: Բնակիչների մեջ է եղել Հայրենական պատերազմի 95-ամյա մի վետերան:
Ալավերդյանը վստահ է, որ բնակիչներն արել են միայն այնպիսի քայլեր, որոնք պահանջվում են իրենց իրավունքը պաշտպանելու համար, և իրական մտավորականները պետք է գնան ու կանգնեն պայքարող ժողովրդի կողքին: