Օգոստոսի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպան Ալեխանդրո Մոսկերային (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Մոսկերային նշանակման կապակցությամբ՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Ֆիլիպինների Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը:
Արտգործնախարարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Մանիլա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում նախագահ Բենիգնո Աքինո III-ի և արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ հանդիպումները:
Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մոսկերան նշել է, որ չնայած երկրների միջև հեռավորությանը՝ նա առաքելության ընթացքում իր հնարավոր նպաստը կբերի հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ընդլայնման և խորացման գործին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: