20 մարտի 2006 - 17:45 AMT
Ռեվազ Գաչեչիլաձե. Վրացական անձնագրերում ազգությունը չի նշվում
Ջավախքի բոլոր խնդիրները սոցիալ-տնտեսական են եւ ոչ մի քաղաքական ենթատեքսո այստեղ չկա: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում տարբերություն չի դրվում քաղաքացիների միջեւ: «Եթե վրաց լեզվի ուսուցիչը Ախալքալաքում իր հայ գործընկերոջից շատ է ստանում, ապա պատճառն այն է, որ նա պետք է գա Թբիլիսիից, տեղավորվի տեղում, բնակարան վարձի: Վրաստանում մարդու իրավունքներն ըստ ազգային պատկանելության չեն խախտվում: Վրացական անձնագրերում ազգությունը չի նշվում»,-ասել է նա: Վրաց դիվանագետը նշել է նաեւ, որ աշխատատեղերը Ջավախքում, ինչպես եւ Վրաստանի այլ տեղերում չեն կարող ստեղծվել «վերեւների» թելադրանքով: «Չգիտես ինչու հայերը դեմ են Կարս-Ախալքալաք երակթուղու կառուցմանը: Իսկ դա լրացուցիչ աշխատատեղեր են, ընդ որում շրջանի տարբեր մասերում, սկսած շինարարությունից եւ վերջացրած երկաթուղային կազմերի վերանորոգմամբ»,-նշել է Գաչեչիլաձեն:

Ռ.Գաչեչիլաձեն ընդգծել է նաեւ, որ ներկայումս տարածաշրջանում կա եւս մեկ խնդիր` Վրաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը` 1944 թվականին արտաքսված մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը մշտական բնակության վայրում: «Մենք կանգնել ենք լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջեւ, բայց մենք պետք է լուծենք այն` ըստ պարտավորությունների Վրաստանը պետք է մեսխեթցիներին ընդունի մինչեւ 2012 թվականը»,-ասել է նա: Պարտավորությունների թվում Վրաստանի դեսպանը նշեց նաեւ Կրոնի մասին օրենքի ընդունումը: «Վրաստանի կառավարության եւ Վրաստանի ուղղափառ եկեղեցու միջեւ գոյություն ունի Կոնկորդատ, որով բոլոր կրոնական հարցերը լուծում է եկեղեցին: Սակայն Օրենքի ընդունման հետ կապված այլ դավանանքների վիճակը Վրաստանի տարածքում չի փոխվի»,-նշել է նա: