ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Գագիկ Բեգլարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է, և պետք է ջանքեր գործադրել առաջիկայում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար։
«Տրանսպորտի և կապի ոլորտում մեր համագործակցության շուրջ կա փոխըմբռնում։ Այն խնդիրները, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, երկուստեք արագ կերպով լուծում են ստանում»,- նշեց Գ. Բեգլարյանը։ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշելով, որ երկու երկրների միջև հատկապես տրանսպորտի և կապի ոլորտում առկա համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային փոխադրումների, ճանապարհաշինության, կանոնավոր ուղևորափոխադրումների ընդլայնման, թվային հեռարձակման գործընթացում համագործակցության և մի շարք այլ ոլորտների առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ։