5 սեպտեմբերի 2013 - 13:01 AMT
ANCA-ն կոչ է անում ԱՄՆ կոնգրեսականներին քվեարկել Սիրիային հարվածելու դեմ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), խորապես մտահոգված լինելով Սիրիայի հայ համայնքի և բոլոր քաղաքացիների ճակատագրով, ԱՄՆ Կոնգրեսում կոչ է տարածել՝ հորդորելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներին քվեարկել Սիրիային հարված հասցնելու դեմ:

«Որպես մեր երկրի ընտրյալ ներկայացուցիչներ, դուք պատրաստվում եք այս շաբաթ քննարկել ԱՄՆ հնարավոր գործողությունները Սիրիայի դեմ: Մենք՝ որպես հայազգի ամերիկացիներ, ցանկանում ենք մեր ձայները միացնել մեր համաքաղաքացիներին, որոնք դեմ են հանդես գալիս ամերիկյան ռազմական հարվածներին ու բռնության սաստկացման դեմ: Ռմբակոծությունը, հավանաբար, լրացուցիչ խնդիրներ կստեղծի և լուրջ վնաս կհասնցի քրիստոնեական համայնքներին, այդ թվում նաև Սիրիայի հայ փոքրամասնությանը»,-գրել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ օրենսդիրներին հասցեագրված նամակում: «Մենք կիսում ենք ձեր դիրքորոշումը՝ հիշելով սարսափելի մարդկային տառապանքների մասին: Այնտեղ արդեն այնքան արյունահեղություն է եղել, այնքան դաժանություն ու տառապանքներ, որ ագրեսիայի ուժգնացումը չի կարող ոչ կյանքեր փրկել, ոչ էլ նպաստել խաղաղության հաստատմանը»,-ասելէ Խաչիկյանը:

ANCA-ն գտնում է, որ ԱՄՆ ազգային շահերը, իրավական պետության ամրապնդումը, ինչպես նաև կայունության ամրապնդումը, հումանիտար ու ժողովրդավարական արժեքների հաստատումը այդ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում, հարվածի տակ կհայտնվեն ամերիկյան գրոհների արդյունքում: «Մենք հուսով ենք, որ մեր կառավարությունը դիվանագիտական կարգավորման ուղիներ կգտնի և կոչ կանի բոլոր կողմերին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ, սահմանափակել ռազմական գործողությունները և ձեռնպահ մնալ բռնությունից, ահաբեկումից ու խտրականությունից քրիստոնյաների և մյուս խոցելի փոքրամասնությունների շրջանում»,-ասվում է կոնգրեսականներին ուղղված նամակում:

Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ հայ համայնքը մտահոգված է նրանով, որ չնայած արդեն ծախսած հարյուր միլիոնավոր դոլարներին, լուրջ խնդիրները, կապված նպատակադրման և հումանիտար օգնության հետ, պահպանվում են, քանի որ այդ օգնությունը գրեթե չի հասնում Հալեպի և Սիրիայի հայ համայնքին և այլ ներկայացուցիչներին: Նա հավելել է նաև, որ մտահոգված է ծովային շրջափակման խստացմամբ, որը թույլ չի տալիս Հայաստանին օգնել հայ փախստականներին հեռանալ Սիրիայից: «Մենք կոչ ենք անում ձեզ բոլորիդ համագործակցել ձեր գործընկերների և մեր հանրության հետ, այդ թերությունները շտապ կարգով վերացնելու համար»,-ասել է Քեն Խաչիկյանը:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի և շուրջ 100 հազար սիրիացիների կյանք է խլել, ըստ ՄԱԿ տվյալների: Մոտ 2 միլիոնը փախստական են դարձել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ստանալ ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու և ռմբակոծելու համար՝ Բաշար Ասադի կողմից ենթադրաբար օգտագործված քիմիական զենքի պատճառով: