Խոհրդարանական քառօրյայի առաջին օրը սկսվեց քննարկումներով: Խոսքն օրակարգում ընդգրկված թեմաների մասին չէ: Պատգամավորներից շատերին այսօր առավել հուզում էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը, ինչի մասին ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը տեղյակ էր պահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր մոսկովյան այցի ժամանակ:
Խոսքը բացեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հիշեցրեց, որ մինչ քաղաքական նման որոշումը կայացնելը ԱԺ-ում պետք է խորհրդակցություն անցկացվեր ու քաղաքական ուժերին տեղեկատվություն տրամադրվեր.
«Խորհրդարանը հրատապ կարգով պետք է տեղեկացվի տեղի ունեցած, տեղի ունեցող ու տեղի ունենալիք գործընթացրների մասին»,- նկատեց պատգամավորը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչ Մաքսային միությանն անդամակցելու համաձայնություն տալը «ՀՀ նախագահը մեծամասնության՝ կոալիցիայի հետ հարցը քննարկել է»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ այժմ Հայաստանի հանրապետությունը «կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին», այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ «նախկինում երբեք այս սրությամբ արտահայտված չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ»:
«Հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, թե Հայաստանը կանգնել է դրել մի ճանապարհի վրա, որի վերջում իշխանության կորուստն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սերժ Սրագսյանի մոսկովյան հատարարություններն ու ԱԳ նախարարի «ափալ-թափալ» այցերն Արևմուտք կարևոր ու հրատապ հարցեր են առաջացնում, «իսկ ԱԺ-ն ոչ միայն մեկուսացած է պրոցեսից, այլև անգամ փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի»:
Փաշինյանն առաջարկեց խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու ՀՀ նախագահ Սերժ Սագսյանին, ովքեր Հայաստանի «բարձրագույն օրենսդիր իշխանությանն անհրաժեշտ ու հրատապ պարզաբանումներ կտան» երկրի ու հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ:
Այս կարծիքին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը համոզված ասաց, որ կարծում է՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը «բխում է մեր ժողովրդի շահերից»: Նա չհամաձայնեց Փաշինյանի կարծիքին, թե ՄՄ-ին անդամակցելով մենք կորցնում ենք մեր իշխանությունն ու ինքնորոշումը, հակառակը՝ «փորձում ենք համաձայնագրերով, գործակցությամբ, կամ նման միություններին միանալով նպաստել մեր տնտեսությանը, լուծել մեր ժողովրդի, պետության առջև ծառացած խնդիրները»:
Փաշինյանի հետ միակարծիք էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով շեշտեց` խորհրդարանը պետք է տեղյալ լինի, երբ «պատմական կարևորագույն պատասխանատու ընտրություն է կատարվում» ու բացառեց, որ նման կարևոր հարցը կարելի է չներառել քառօրյայի օրակարգում, ինչն արվել էր այս դեպքում:
«Խորհրդարանն իրավունք չունի չկիսել այս ճակատարգական պահը: Առաջարկում եմ շուտափույթ օրակարգային հարց դարձնել ստեղծված իրավիճակն ու կարողանալ քննարկել այն»,- ասաց Հակոբյանը:
ԱԺ նախագահը փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը նրանով, որ նախագահը լիզորված է տալ իր համաձայնությունը Մաքսային միությանը միանալու հարցում: Նա կոչ արեց սպասել, մինչև փաստաթղթերը կհասնեն խորհրդարան, և այն ժամանակ «յուրաքանչյուր պատգամավոր, խմբակցություն ու քաղաքական ուժ իր տեսակետը կհայտնի», ևս մեկ անգամ նշելով, որ երկրի ղեկավարը իրեն սատարող քաղաքական ուժերի հետ հարցը քննարկել է.
«Հիմա ինչի՞ է պետք ասել, որ մեզ հաշվի չեն առել, անհարգալից են վերաբերվում ու Ազգային ժողովին չեն հարցրել՝ կարելի՞ է միանալ, թե՝ ոչ: Ժամանակը կգա, կհարցնեն»,- եզրափակեց Աբրահամյանը:
Ինչպես օրվա ավարտին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել խորհրդարանում պարզաբանումներ տալու պատգամավորների առաջարկը: Հանդիպումը կկայանա վաղը՝ առավոտյան ժամը 10:30-ին: Մնում է սպասել, թե պատգամավորներից ով հանդիպման ավարտին կկիսվի փակ քննարկման մանրամասներով, որին լրագրողները ներկա չեն լինելու: