10 սեպտեմբերի 2013 - 12:58 AMT
Ջեյմս Ուորլիկը, հավանաբար, լի է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վճռականությամբ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը, հավանաբար, լի է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վճռականությամբ. այդ նպատակով նա մտադիր է գործել իրատեսության և պրագմատիզմի հենքի վրա: «Մոտենում է հրադադարի կնքման 20-րդ տարեդարձը, և ես գտնում եմ, որ խաղաղության հասնելու ու տարածաշրջանի բարգավաճման ուղին գտնելու ճանապարհ է հարկավոր»,- ասել է Ջեյմս Ուորլիկը Բաքվում կայացած ճեպազրույցում: Ըստ նրա, ժամանակն է, որ Մինսկի խումբը, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի մյուս երկրները միասին աշխատեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության հաստատուն կարգավորման համար, հայտնում է APA գործակալությունը:

«Ես այստեղ եմ երկու կողմերին լսելու և իրավիճակը լավագույնս պատկերացնելու համար:Այստեղ եմ ոչ թե անցյալի, այլ հակամարտությունը կարգավորելու համար ապագային նայելու միտումով»,- ասել է նա՝ նշելով, որ անհամբեր սպասում է, թե երբ է սկսելու համատեղ աշխատել Ֆրանսիայից և Ռուսաստանից իր գործընկերների հետ: Նա հավելել է, որ մտադիր է «իր գործունեությունն իրականացնել իրատեսության և պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմերը գտնեն հակամարտության հաստատուն լուծումը»:

«Հակամարտությունը արդեն 20 տարեկան է, շատերն են փորձել նպաստել լուծումը գտնելուն: Հուսով եմ, որ ժամանակն է բոլոր կողմերին գիտակցելու, որ երկարատև խաղաղությունը բխում է իրենց շահերից»,- ասել է Ուորլիկը:

Բաքվից հետո Ուորլիկը կայցելի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Սա Ուորլիկի առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Ջեյմս Ուորլիկը նշանակվել է այդ պաշտոնում անցած ամիս:

Նախօրեին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որտեղ վերջինս գրում է, որ «ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար փոխզիջման հիման վրա նոր ջանքեր գործադրել»:

«Հուսով եմ, որ դեսպան Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը և առաջխաղացման հասնելու ձեր կառավարության ցանկությունը նոր խթան կհաղորդի համանախագահների աշխատանքին ու խաղաղ գործընթացին: Ես սատարում եմ Հայաստանի հետ առաջիկա ամիսներին անմիջական երկխոսության հնարավորությանը, համանախագահների ունակությանը՝ բանակցություններում այժմ տիրող անհույս իրավիճակից դուրս գալու համար ուղիներ որոնելուն»: Օբաման վստահ է, որ ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նոր ջանքեր գործադրել բանակցություններում ձեռք բերված փոխզիջման հիման վրա: