13 սեպտեմբերի 2013 - 11:33 AMT
Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշարձանը բացել է Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրթաշը: «Մենք՝ քրդերս, ներողություն ենք խնդրում հայերից ու ասորիներից 1915 թ. մեր նախնիների կատարածի համար: Մենք կշարունակենք պայքարը հանուն հատուցման»,-ասել է Դեմիրթաշը:

Քաղաքապետը նաև կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար: «Մենք առաջարկում ենք քայլ կատարել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ նման ոճրագործություն այլևս չպետք է կրկնվի:

Հուշարձանը բացվել է Անզելե զբոսայգում, վերականգնված պատմական շատրվանի հարևանությամբ, որի վրա արձանագրություններ կան 7 լեզուներով, գրում է The Armenian Weekly:

Հուշարձանը նվիրված է բոլոր մարդկանց, որոնք ցեղասպանության զոհ են դարձել աշխարհի տարբեր երկրներում: Դեմիրթաշը նշել է նաև, որ հուշարձանի արձանագրությունում հիշատակված են բոլոր այն ժողովրդները, որոնք կոտորածի են ենթարկվել Թուրքիայում՝ հայերը, ասորիները, հրեաները, եզդիներն ու ալևիները: Արարողությանը ներկա են եղել բոլոր հիշատակված ժողովրդների ներկայացուցիչներ, այդ թվում նաև տեղաբնակ գրող Մկրտիչ Մարկոսյանը, որն էլ բացել է հուշարձանը:

Ըստ Զահիդ Չիֆտկուրանի, հուշարձանի բացումը յուրօրինակ հատուցում է 1915 թ. քրդերի նախնիների իրագործած ոճիրի համար:

Դիարբեքիրը (Տիգրանակերտ) հին հայկական քաղաք է, որն այժմ հանդիսանում է Դիարբեքիր իլի վարչական կենտրոնը և համարվում է թուրքական Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Քաղաքը գտնվում է Տիգրիս գետի ափին: