13 սեպտեմբերի 2013 - 11:56 AMT
«Օսկարում» Ավեդիքյանի «Փարաջանովը» կպայքարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կոչման համար

Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմը Ուկրաինան «Օսկարի» կներկայացնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Լուրը PanARMENIAN.Net-ին հաստատեց Սերժ Ավեդիքյանը:

«Օսկարի» ուկրաինական կոմիտեի փոխանցմամբ, ընտրությունը կատարվել է «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթամարա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել է Կոմիտեի 10-ից` 6 անդամ, վերոնշյալ երկու ֆիլմերից ամեն մեկի համար՝ երկու անդամ:

Ավեդիքյանը նաև նշեց, որ «Փարաջանովն» օսկարի ներկայացնելու իրավունք ուներ նաև Հայաստանը: Ռեժիսորի խոսքով, այժմ իրենք կենտրոնացած են փարիզյան պրեմիերայի վրա, որը կկայանա 2014-ի հունվարին կամ փետրվարին, բայց մինչ այդ ֆիլմը տարբեր մի քանի փառատոնի կմասնակցի:

«Սեպտեմբերի 19-23-ը «Փարաջանովը» կներկայացվի Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնում, որից հետո հոկտեմբերի 3-ից 6-ը կմեկնենք Համբուրգի կինոփառատոն, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին արդեն կմասնակցենք Ֆրանսիայում անցկացվող կինոփառատոններին»,- ասաց Ավեդիքյանը:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» ճանաչվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ:

Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։

«Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան կբարձրանա մի քանի օրից՝ սեպտեմբերի 26-ին:

ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: