14 հունվարի 2003 - 21:47 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հունվարի 23-ին Սթրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի ներկայացուցիչների կոմիտեի ընդլայնված բյուրոյի հատուկ նիստը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մեհթին Միրզան: Նիստի նպատակը` Եվրախորհրդին անդամակցելիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների քննարկումն է: Նիստին մասնակցելու են հրավիրվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչներ, արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանը եւ Արազ Ազիմովը: Քննարկումներին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: