Ջոն Քերին, հավանաբար, նպատակ է դրել ցանկացած գնով բացել Օբամայի համար Իրանի ճանապարհը՝ հեռացնելով Բաշար Ասադին: ԱՄՆ պետքարտուղարի խնդիրը դյուրին չէ, եթե չասենք ավելին: Առաքելությունը կարող է իրոք անիրագործելի դառնալ և այդ դեպքում Քերին ստիպված կլինի հրաժարական տալ: Այս առնչությամբ անմիջապես հիշում ես Բուշ կրտսերի օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Քոլին Փաուելին, որը, 2001-ին թվականին ստանձնելով պաշտոնը, պնդեց, որպեսզի Իրաքի դեմ գործողությունը 2003 թ. չսկսվի մինչ հարցի քննարկումը ՄԱԿ-ում: Ի դեպ, Օբաման չի շտապում ոչ Սիրիա, ոչ էլ Իրան, իսկ նրա խոսքերը «ռազմական հարվածների» մասին ավելի շուտ հասցեագրված են ռազմական արդյունաբերական համալիրին և որոշ չափով Իսրայելին:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Փաուելը ասում էր, որ նույնքան կարևոր է դիվանագիտական հաղթանակի հասնել Իրաքի հարցում, որքան ռազմական հաջողության:
2003 թվականի փետրվարի 5-ին Փաուելը ելույթ ունեցավ ՄԱԿ ԱԽ-ում՝ ապացուցելով Սադդամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտությունը, քանի որ Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի:
Ավելի ուշ նա խոստովանեց, որ բերված որոշ տվյալները, մասնավորապես, կենսաբանական զենքի արտադրության շարժական լաբորատորիաների մասին, ոչ այնքան հավաստի դուրս եկան: 2011 թվականին նա պահանջեց ԿՀՎ-ից ու Պենտագոնից բացատրել, թե ինչու նրանք չէին զգուշացրել, որ Հուսեյնի մոտ կենսաբանական զենքի առկայության մասին տեղեկության գլխավոր աղբյուրը հուսալի չէ: Այժմ նախկին պետքարտուղարն ասում է, որ Վաշինգտոնը պետք է ավելի խելամիտ գործի Մերձավոր Արևելքում և չմտածի, թե իրոք կարող է հասնել նրան, որ իրադարձությունները զարգանան բացառապես այն հունով, որով ցանկանում է ԱՄՆ-ն:
Այժմ արդեն Ջոն Քերին հայտարարում է, որ Սիրիայի նախագահը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից նույնիսկ եթե քիմիական զենքի կիրառումը չհաստատվի: Ավելին, Քերին ասել է, որ «ԱՄՆ-ն սատարում է սիրիական ընդդիմությանն ու աջակցելու է նրան»: Տարօրինակ հայտարարություն մի դիվանագետի համար, որն ակնհայտորեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ընդդիմությունը: Իսկ գիոցե՝ չգիտի:
Քանի դեռ Օբաման, եթե դատելու լինենք նրա վարքագծից, ամեն կերպ հակազդում է հրթիռային հարվածներին, Ջոն Քերին միանգամայն ոչ դիվանագիտական հայտարարություններ է անում: Այսպես եթե գնա, նա շուտով կխոսի ժողովրդավար իսլամիստների մասին: Թեև թվում է, թե ամեն ինչ արդեն ասվել է:
ԱՄՆ-ն պնդում է, որ ՄԱԿ բանաձևը Սիրիայի վերաբերյալ պետք է կազմվի ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի հիշատակությամբ, որը թույլ է տալիս ուժի կիրառում, երկուշաբթի լրագրողներին է հայտնել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 7-րդ հոդվածում ասվում է, որ ՄԱԿ քայլերը պայմանավորվում են խաղաղության խախտման, խաղաղության սպառնալիքի և ագրեսիայի ակտերով: «Կանխելու համար իրավիճակի վատթարացումը, ԱԽ-ն լիազորված է պահանջել շահագրգիռ կողմերից ժամանակավոր միջոցներ ձեռնարկել, որնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարվեն: Այդ ժամանակավոր միջոցները չպետք է վնասեն շահագրգիռ կողմերի իրավունքներին, հավակնություններին ու վիճակին: ԱԽ-ն պատշաճ կերպով հաշվի է առնում այդ ժամանակավոր միջոցների չկատարման փաստը»,-ասվում է 40-րդ հոդվածում:
Հավանաբար, սիրիական հարցը դեռ շարունակություն կունենա և լոկ քիմիական զենքի ոչնչացմամբ գործը չի ավարտվի, թեև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պատրաստ է մի քանի օրից սկսել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը: