24 սեպտեմբերի 2013 - 17:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 27-ին

«Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու հարցը Հանրային խորհրդի օրակարգում է: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեց Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային խորհրդին՝ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդրանքով: «Նա հիմնավորեց դա նրանով, որ ՀՀ կառավարությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են զարգացման ծրագիրը և չի բացառվում, որ հին շենքը քանդվի»,- ասաց նա:

Միաժամանակ Անի Գասպարյանը նշեց, որ ՀԽ-ն հարցն արդեն քննարկել է ենթահանձնաժողովներում ու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփիչ քննարկումը կկայանա սեպտեմբերի 27-ին: Քննարկման արդյունքում էլ հարցը կլուծվի:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում PanARMENIAN.Net-ին ասացին, որ օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու նոր հայտ քաղաքապետարան չեն ներկայացրել:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է:

«Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:

2011 թվականին բացվել էր օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

ՖՈՏՈՇԱՐՔ