27 սեպտեմբերի 2013 - 11:40 AMT
«Զվարթնոցի» հին շենքը վնասված է և խանգարում է կառավարչին ընդլայնվել

Նախօրեին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ընթացքում, որը նվիրված էր «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու առաջարկին, Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես-պլանը: Գալիք տարի նախատեսված աշխատանքների թվում կա օդանավակայանի հին շենքը քանդելու մասին դրույթը: Ըստ ՔԱԳՎ ներկայացուցչի, շենքը գտնվում է «անմխիթար վիճակում» և նրա ամրացման համար կպահանջվի 10-12 մլն դոլար: Բանն այն է նաև, որ կառավարիչը մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ, սակայն հին շենքը խանգարում է դրան:

Քննարկմանը մասնակից ճարտարապետները դեմ հանդես եկան օդանավակայանի հին շենքը քանդելու առաջարկին: Այդպես, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդլայնումը կարելի է նաև դեպի ձախ կատարել: Ավելին, մի քանի տարի առաջ շենքը գործում էր և հարկավոր է եզրակացություն ներկայացնել նրա սեյսմիկ վիճակի մասին, ոչ թե հապճեպ քանդել:

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովը ևս ներկայացրեց իր դիրքորոշումը: Ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ կլոր շենքը թույլ է տալիս միաժամանակ ընդունել մի քանի խոշոր օդանավեր, իսկ նոր շենքը նման հնարավորություն չի ընձեռում: «Կլոր շենքի տարածքում կարող է գործել նաև տարանցիկ գոտին: Ուստի մենք դեմ ենք օդանավակայանի հին շենքի քանդմանը»,-հայտարարել է նա:

Քննարկման արդյունքում ՔԱԳՎ ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանն ասել է, որ իրենք հավանություն կտան այն որոշմանը, որը կընդունի Հանրային խորհուրդը:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net -ին հայտնել էր Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային խորհրդին՝ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդրանքով: «Նա հիմնավորեց դա նրանով, որ ՀՀ կառավարությունն ու «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են զարգացման ծրագիրը և չի բացառվում, որ հին շենքը քանդվի»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում PanARMENIAN.Net ին ասացին, որ օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու նոր հայտ քաղաքապետարան չեն ներկայացրել:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է: «Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:

2011 թվականին բացվեց օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը: