27 սեպտեմբերի 2013 - 17:57 AMT
Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության վերսկումը վատագույն ուղին է, որը ոչ ոքի հարկավոր չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում լարվածության վերաբերյալ: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը ասել է «Ամերիկայի ձայնի» հայկական բաժնին տված հարցազրույցում:

«ԵԱՀԿ շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելելու շփման գիծ: Շփման գծում լարվածություն կա: Կարծում եմ, որ աշխատանքը կայանում է նրանում, որ կանխենք ռազմական գործողությունների ակտիվությունը: Այստեղ անընդհատ միջադեպեր են տեղի ունենում և մարդիկ են զոհվում»,-ասել է Ուորլիքը:

Համանախագահը, խոսելով տարածաշրջան այցի մասին, նշել է, որ որոշել է համակողմանիորեն ուսումնասիրել իրավիճակը տեղում:

Ըստ Ուորլիքի, բոլոր կողմերը կցանկանային, որ ղարաբաղյան կարգավորումը խաղաղ լիներ և ոչ ոք չէր ցանկանա, որ ռազմական գործողությունները վերսկսվեն:

«Ղարաբաղյան հակամարտության վերսկումը վատագույն ուղին է, որը ոչ ոքի հարկավոր չէ: Ես մտադիր եմ աշխատել բոլոր կողմերի հետ կառուցողական ճանապարհ գտնելու համար, որը կայուն հրադադարի կբերի»,-ասել է Ուորլիքը:

Ըստ ամերիկացի համանախագահի, բոլոր կողմերը պետք է պատրաստեն բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: «Բոլոր կողմերը ոչ միայն պետք է աշխատեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ նաև պետք է իրազեկեն բնակչությանն այն ուղիների մասին, որոնք կհանգեցնեն կայուն հրադադարի ու բարեկեցության»,-ասել է համանախագահը: Ըստ Ուորլիքի, առաջ գնալու համար կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

«Դա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է գնան փոխզիջման»,-ասել է համանախագահը:

Ըստ նրա, հակամարտության ակտիվացումը չի բխում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի շահերից: