Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին ավում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կազմակերպության կայքում տեղադրված համատեղ մամուլի հաղորդագրությունում:
Նախարարները և համանախագահները շարունակել են քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։ Համանախագահներն ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունն աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակոչել են հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որևիցե գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իրենց վճռականությունը: Համանախագահները տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթնաժողովին առնչվող հարցեր։