28 մարտի 2006 - 18:39 AMT
Վ. Օսկանյան. «Եթե ետ նայելու լինեմ, չեմ կարող ասել, թե Հայաստանն այսօր ուր կլիներ առանց Սփյուռքի»
Անկախությունից ի վեր մենք, իրոք, հաջողություն ենք գրանցել. ԱՄՆ-ի կողմից զգալի օժանդակության հատկացումը Հայաստանին, առեւտրային արտոնությունները, հավասար ռազմական օգնությունը, առաջընթացը Ցեղասպանության ճանաչման եւ ուսուցման հարցում, հասարակական կարծիք ստեղծողների ու քաղաքականություն մշակողների կողմից Հայաստանի աշխարհագրական, պատմական ու տնտեսական սահմանափակումների առավել ճշգրիտ ընկալումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով հայկակաn հարցերին նվիրված ֆորումի ժամանակ Վաշինգթոնում: «Եթե ետ նայելու լինեմ, չեմ կարող ասել, թե Հայաստանն այսօր ուր կլիներ առանց Սփյուռքի: Սփյուռքը կքարոզի ու կսատարի մի այնպիսի Հայաստանի, որն իր սեփական երազանքների, արժեքների ու բաղձանքների արտացոլումն է: Ամերիկահայ սփյուռքը կքարոզի ու կսատարի մի Հայաստանի, որն ԱՄՆ-ի բարեկամն է: Եվ իրոք մենք բարեկամ ենք: Չնայած Երեւանի ու Վաշինգտոնի միջեւ հսկայական աշխարհագրական հեռավորությանը, մենք գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում, սպառազինությունների չտարածման ոլորտում, տարածաշրջանային անվտանգության միջոցով համաշխարհային խաղաղության հասնելու գործում, օրենքի գերակայությունը ապահովելու, ինչպես նաեւ ժողովրդավարական ու տնտեսական ազատությունների հարցում: Մենք ոչ միայն գաղափարային գործընկերներ ենք, այլեւ կիսում ենք այն արժեքները, որոնք Ամերիկայի հիմքում են ընկած: Մենք ցանկանում ենք, որ այդ արժեքները ոչ միայն իղձեր լինեն Հայաստանի քաղաքացիների համար, այլեւ անսասան իրականություն, որոնք կարելի է որպես այդպիսին ընդունել»: Խոսելով Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին Վ. Օսկանյանը հայտարարեց. «Պետական շինարարության գործընթացը այլ է եղել մեզ համար, քանի որ մենք պետք է քանդեինք գործող համակարգը եւ նորը կառուցեինք: Այդ պատճառով է, որ մենք ողջունեցինք ԱՄՆ-ի ամենատարբեր ծրագրերը, որոնք սատարում էին մեր ինստիտուցիոնալ, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները: Մենք նաեւ գնահատում ենք այն, որ գալիք` 2007 եւ 2008թթ. ընտրությունների կապակցությամբ Միացյալ Նահանգները առաջարկել է լրացուցիչ, նպատակային օգնություն, որպեսզի մենք կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել եւ դրանով բարձրանալ ժողովրդավարական զարգացման հաջորդ մակարդակին: Բայց ժողովրդավարությունն ավելին է, քան ընտրությունները: Ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները պարզապես վերջնանպատակ չեն: Նրանք նաեւ միջոց են անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական միջավայրը ստեղծելու համար, որը հանգեցնի համաչափ աճի ու արժանապատիվ զարգացման: Մեր կողմից ձեռնարկված զանգվածային տնտեսական վերափոխումների գործընթացին բնորոշ դաժանությունները հասարակ քաղաքացիների շրջանում անզորության զգացում են առաջացրել: Այսպիսով, ժողովրդավարությունը գործիք է զարգացման համար ճիշտ այնպես, ինչպես զարգացումն է խթանում ժողովրդարացումը»: