30 սեպտեմբերի 2013 - 16:08 AMT
ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ նա կհանդիպի Օլանդին ու ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Դրան մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն կմեկնի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին: Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ԵԽԽՎ նստաշրջանում ակնկալվում է հրատապ բանավեճ սիրիական կարգավորման վերաբերյալ: Բացի այդ, ԵԽԽՎ-ն մտադիր է քննարկել մոնիտորինգի անցկացման կարգի բարեփոխման հարցը: Զեկույցով հանդես կգա էստոնացի խորհրդարանական Անդրեաս Հերկելը: Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում է ռուսական պատվիրակության առաջարկը ըստ երկրների մոնիտորինգի սկզբունքից հրաժարվելու մասին՝ անցում կատարելով կոնկրետ խնդիրների վերաբերյալ թեմատիկ մոնիտորինգին:

Նախատեսվում է նաև բանաձևեր ընդունել Տնտեսական գործակցության ու զարգացման կազմակերպության գործունեության մասին զեկույցների հիման վրա, ինչպես նաև ԵԽ մոնիտորինգի կարգի փոփոխման ու ազգային անվտանգության ու տեղեկատվության հասանելիության մասին:

Բացի այդ, նստաշրջանի առաջին օրը Եվրոպայի պալատում կայանալիք հանդիսավոր արարողությանն առաջին անգամ հայտնի կդառնա Վացլավ Հավելի իրավապաշտպանական մրցանակի դափնեկիրը, որը հանձնվում է Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության համար: Նախօրեին Մինյոնի գլխավորած ժյուրին երեք հավակնորդներից ընտրել է խոշորագույն բելառուսական իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկուն, որն այժմ ազատազրկման մեջ է: Բացի մրցանակից և դափնեկրի դիպլոմից, նա կստանա նաև 60 հազար եվրո դրամաշնորհ: Հավակնորդների թվում էին նաև Երիտասարդ իրավաբանների վրացական ասոցիացիան և Չինաստանում գործող Իրավունքների պաշտպանության ցանցը:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 4-ը: