1 հոկտեմբերի 2013 - 14:46 AMT
Հայաստանում թոշակառուներն ավելի լավ են ապրում, քան Ռուսաստանում, Ուկրաինայում ու Մոլդովայում

Վերջին երեք տասնամյակում 60 տարեկանից բարձր բնակչության քանակն աշխարհում կրկնապատկվել է, ընդ որում մինչև 2050 թ. այն կավելանա ևս երկու անգամ:

Ըստ ՄԱԿ կանխատեսումների, դարի կեսին Երկիր մոլորակի վրա կապրի մոտ 3,2 մլն մարդ, որի տարիքը կգերազանցի 100 տարին, այն դեպքում, երբ այսօր այդ մարդիկ 300 հազար են:

Տարեց մարդկանց չափաբաժինը բնակչության ընդհանուր թվի համեմատ ավելի արագ է աճում: Քարտեզի վրա ավելանում է «տարեց» երկրների քանակը, որտեղ բնակչության 7 տոկոսից ավելին 65 տարեկանից մեծ է:

Շարունակում է աճել կյանքի տևողությունն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Եթե 1950-ականներին մարդու կյանքի միջին տևողությունը 47 տարի էր, ապա 2010 թ. այդ ցուցանիշը հասավ 69 տարեկանի: Ակնկալվում է, որ 2050 թ. այն կկազմի 76 տարեկանը, իսկ 2100 թ.՝ 58:

Տարեցների քանակը գնալով աճում է առողջապահության որակի բարձրացման, բժշկութայն զարգացման, կրթության հասանելիության ու տնտեսական բարգավաճման հաշվին: Անկասկած, երկար կյանք ապրելու հնարավորությունը մարդկային զարգացման հաղթանակն է, սակայն բնակչության ծերացումը նաև բազմաթիվ նոր մարտահրավերներ է առաջացնում:

Տարեցների քանակի ավելացման պատճառով, երկրները նոր խնդիրներ կունենան սոցիալական բյուջեների ձևավորման, ու կենսաթոշակային համակարգերի ստեղծման հարցերում: Աշխատունակ բնակչության զուգահեռ կրճատումը ցավոտ հարված կլինի հարկային մուտքերին, առանց որի հնարավոր չէ պահել կենսաթոշակառուների աճող «բանակը»: Դա լուրջ սպառնալիք է բնակչության բոլոր տարիքային խմբերի կենսամակարդակի համար:

Տարեցների համար լավագույն երկիր է ճանաչվել Շվեդիան: Ըստ Global AgeWatch Index 2013 թ. վարկանիշի, նրան հաջորդում են Նորվեգիան ու Գերմանիան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այնուհետև գալիս են Նիդերլանդները, Կանադան, Շվեյցարիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իսլանդիան ու Ճապոնիան:

Նախկին ԽՍՀՄ երկներից ամենաբարվոք վիճակը Էստոնիայում է՝ 29-րդ հորիզոնական: Վրաստանը 37-րդն է, Լատվիան՝ 45, Լիտվան՝ 50, Հայաստանը՝ 51, Տաջիկստանը՝ 52, Բելառուսը՝ 60, Ղրղզստանը՝ 63, Ուկրաինան՝ 66, Մոլդովան՝ 76, Ռուսաստանը՝ 78: Վերջին 91-րդ տեղում Աֆղանստանն է:

60 տարին բոլորած մարդկանց կենսամակարդակը գնահատելիս մասնագետներն ուսումնասիրել են ՀԲ, ԱՀԿ, Աշխատանքի միջազգային կազմակերպության ու ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալները 91 երկրների համար: Այդպիսով, վարկանիշն ընդգրկում է աշխարհի տարեց մարդկանց 89 տոկոսը:

Հաշվի են առնվել 13 պարամետրեր՝ այդ թվում, բուժհաստատություն դիմելու հաճախականությունը, կյանքի պայմանները, կրթությունը, աշխատողների քանակն ու սոցիալական ակտիվությունը:

Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության, երկրում կա 65 տարեկանից բարձր 364 հազար մարդ: Ծերանոցներում բնակվում է 1200 տարեց:

Ըստ պաշտոնական վիճակագրության, կենսաթոշակների միջին չափը 2012 թ. ավարտին կազմել է 29 689 դրամ: Բազային կենսաթոշակը 2012 թ. հունվարի 1-ից կազմում է 13 հազար դրամ:

2014 թ. պետբյուջեի նախագծով նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում 15 տոկոսով: Ընդ որում, 111 900 թոշակառուների համար աճը կկազմի 25 տոկոս, 93 հազար թոշակառուների համար՝ 20 տոկոս, և 170-ի համար՝ 15-20 տոկոս և միայն մի փոքր խմբի համար, որոնց կենսաթոշակները գերազանցում են 70 հազարը, աճը կկազմի 3 տոկոս: Ավելին, ըստ պետբյուջեի նախագծի նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 18 200 դրամ: