Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարող է փոխարինել Քեթրին Էշթոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավարի աթոռին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Բրյուսելի EUobserver ինտերնետ թերթի վրա հղումով: Էշթոնի մանդատը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում սպառվում է 2014 թվականին:
«Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին ֆրանսերեն լեզվի ինտենսիվ դասընթաց է անցել՝ լուրեր են շրջանառվում, որ նա կարող է դառնալ ԵՄ դիվանագիտության հաջորդ ղեկավարը»,-գրում է EUobserver-ը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարին ներկայացվող պահանջներից մեկն է ազատ տիրապետումը անգլերենին ու ֆրանսերենին: Սիկորսկին ֆրանսերենի ինտենսիվ դասընթացին մասնակցել է Ֆրանսիայի այն նույն ուսումնական հաստատությունում, որտեղ ֆրանսերենի իր իմացությունը կատարելագործել է բրիտանուհի Քեթրին Էշթոնը:
Ըստ EUobserver-ի, Սիկորսկին, պատասխանելով այն հարցին, թե ցանկանում է արդյոք ստանձնել ԵՄ առաջատար պաշտոններից մեկը, չի բացառել դա՝ ասելով, որ շոյված է հարցից: