29 մարտի 2006 - 20:29 AMT
ԵՄ-ն պետք է աջակցի Հարավային Կովկասի երկրներին ավելի մեծ ինտեգրման համար
Եվրամիությունը պետք է աջակցի Հարավային Կովկասի երկրներին ավելի մեծ ինտեգրման համար: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալյոնիսը : Նրա խոսքերով, եթե Անդրկովկասի երեք երկրների հետ սահմաններ ունեցող Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, ապա «Եվրամիության համար կենսական նշանակություն կստանա այդ երկրների անդամակցումը»: Նա նաեւ նշեց, որ Լիտվան եւ Եվրոպական միության մնացած երկրները իրենց անվտանգությունը երաշխավորված կհամարեն միայն այն դեպքում, եթե հարեւան արեւելյան պետություններում հաստատվեն շուկայական հարաբերություններ եւ դեմոկրատիա: «Լիտվայից դեպի արեւելք գտնվող որոշ երկներում, այդ թվում Ռուսաստանում, դժբախտաբար, մտածում են, թե իրենց անվտանգությունը ենթադրում է հարեւանների վրա հզոր ազդեցություն ապահովելու, նրանցով մանիպուլյացիա անելու հնարավորություն: Դեմոկրատիան Ռուսաստանում վճռորոշ նշանակություն ունի, եւ ես այդ մասին պարզորոշ հայտարարում եմ Վլադիմիր Պուտինին», - ասել է Վալյոնիսը` հավելելով, որ նույնը վերաբերում է Բելառուսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: