7 հոկտեմբերի 2013 - 10:41 AMT
Լավրովն ու Քերին կողմ են, որ Սիրիայի գծով «Ժնև-2» խորհրդաժողովն անցնի նոյեմբերի կեսին

Ռուսաստանը հուսով է, որ Սիրիայի գծով «Ժնև-2» խորհրդաժողովը կանցնի նոյեմբերի կեսին, պատվիրակության կազմը դեռ պետք է համաձայնեցվի: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին: «Մենք կողմ ենք, որ նոյեմբերի կեսին տեղի ունենա միջազգային խորհրդաժողով»,- ասել է ռուս նախարարը:

Քերին նշել է, որ խորհրդաժողովի վերջնական ամսաթիվը կորոշի ՄԱԿ-ը, մասնավորապես, գլխավոր քարտուղար Պան գի Մունն ու նրա հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին: «Մենք պայմանավորվել ենք հանդիպել պարոն Բրահիմիի հետ, պայմանավորվել ենք կոչ անել նրան որքան հնարավոր է շուտ որոշել խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը»,- հավելել է Քերին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը կոչ է անում Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիային «խոսել մեկ ձայնով»: Ռուս նախարարը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ղեկավարը սկզբում հայտարարություններ է անում «Ժնև-2» գումարման մասին, հետո նրա կողմնակիցներն այդ հայտարարությունները հերքում են:

«Հստակ ընկալում ենք, որ ամերիկացի գործընկերների հետ պետք է հասնել խորհրդաժողովի գումարմանը, որտեղ ներկայացված կլինեն բոլոր սիրիական կողմերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայն նե, որ ռազմական սցենարը անհնար է: Այդ մասին հայտարարել է Ջոն Քերին: «Համաձայնության ենք եկել, որ ռազմական սցենարն անհնար է ու անընդունելի»,- ասել է նա:

«Ցանկացած բնույթի ծայրահեղական գործողություններ նույնպես անընդունելի են անկախ կոնկրետ ուժերի կարգավիճակից»,- հավելել է Քերին: «Մենք քննարկել ենք մեր ընդհանուր նպատակը, այն է՝ քաղաքական ճանապարհով վերջ տալ Սիրիայում ընթացող պատերազմին: Մենք այդ գործընթացը ժողովրդավարական կդարձնենք Ժնևի կոմյունիկեի դրույթների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դամասկոսը գործակցում է քիմիական զենքի ոչնչացման տեսուչների հետ: Այդ մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը: «Ընդհանուր առմամբ այսօր Ջոն Քերիի հետ հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ասել է նա: Ըստ Լավրովի, պետք է օգնել նրանց, ով տեսնում է Սիրիայի ապագան որպես բազմադավան երկիր:

Ռուսաստանը հիմք չունի կարծելու, որ Դամասկոսի անթերի համագործակցությունը քիմիական զենքի գծով ինչ-որ կերպ կշարունակվի, հայտարարել է Լավրովը: «Կան բազում հիմքեր մեկ այլ կասկածի համար, որ «ծայրահեղական խմբերը կարող են խափանել գործընթացը»: Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը, ներառյալ Սիրիայի հարևաններին, կկատարեն ՄԱԿ ԱԽ պահանջները:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բալիում միջուկային ազգային կենտրոնների նվազեցման մասին համաձայնագիր են կնքել:

Սեպտեմբերին «Ռուսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ու ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիսը միջուկային ոլորտում համատեղ հետազոտությունների մասին համաձայնագիր են ստորագրել: Այն ենթադրում է փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների շուրջ միջուկային էներգետիկայում, թափոնների հարցում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ պետքարտուղարն արդյունավետ ու կառուցողական է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը Բալիում: «Ինչ վերաբերում է մեր այսօրվա հանդիպմանը, այն կբնութագրեի որպես առավել կառուցողական»,- ասել է Քերին:

Պուտինն ու Օբաման պետք է հանդիպեին Բալիի գագաթնաժողովում, սակայն ԱՄՆ նախագահն այդ ուղևորությունը չեղյալ էր հայտարարել: Պատճառը պետբյուջեի հետ կապված խնդիրներն էին: Որոշումը պայմանավորված է ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման ու այդ հարցի վերաբերյալ Կոնգրեսի հետ բանակցություններով: