Տարածաշրջանում կայունության համար մեծ հաջողություն կարելի է համարել Ադրբեջանում նորմալ ընտրությունների բացակայությունը, որոնք այս տեսքով Ալիևի կառավարման ժամկետը երկարացնելուն ուղղված մի ծես են հիշեցնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, ոչ մի քաղաքական գործիչ այնքան չի արել Արցախի անկախության համար, որքան Ադրբեջանի գործող (նույն ինքը ապագա, ինչպես հասկանալի է) նախագահը: «Հենց Իլհամ Ալիևն է իր ագրեսիվ ճարտասանությամբ համախբում Հայաստանի ու Արցախի հասարակությունները՝ վերածելով միասնական բռունցքի: Հենց Ալիևն է համաշխարհային հանրության աչքում ադրբեջանական կողմը ներկայացնում որպես անկանխատեսելի ագրեսորի՝ մեծարելով մարդասպաններին ու սպառնալով կտրել գրողի ականջը: Հենց Իլհամ Ալիևի օրոք են ադրբեջանցի ադեկվատ պատգամավորները, այցելելով Մոսկվա, անձնական զրույցներում խնդրում ռուսաստանցի գործընկերներին «Լեռնային Ղարաբաղն առնել ռուսական հովանու տակ»՝ ասելով թե «մեր ուժերը դա չեն ներում, պատերազմի ցանկություն էլ չկա»: Եթե Ադրբեջանում նորմալ ընտրություններ լինեին, ապա ռիսկ կլիներ, որ իշխանության կգա ավելի փորձառու մի քաղաքական գործիչ, որը դիպուկահարներ պատրաստելու փոխարեն կբացեր այսպես կոչված «բարեկամության տներ» և զգոնությունը հանդարտեցնող այլ նախագծեր կձեռնարկեր, ինչպես դա անում են Կուրիլյան կղզիներում ճապոնացիները: Չէ որ ճապոնացիներն իրոք ցանկանում են խլել Ռուսաստանից Կուրիլյան կղզիները, ոչ թե ձև են անում՝ զենքը թափ տալով: Ամբողջ աշխարհի ծիծաղը շարժած անգրագետ կազմված «սև ցուցակների» փոխարեն, Իլհամ Ալիևի նենգամիտ հետնորդը Բաքու կհրավիրեր Արցախի բարեկամներին՝ հյուրասիրությամբ «լվալով նրանց ուղեղները»: Մեքսիկայում Հեյդար Ալիևին հուշարձան կանգնեցնելու փոխարեն, կսկսեր ցուցադրաբար վերականգնել Նախիջևանի հայկական հուշարձանները՝ առաջացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի համակրանքն ու համաշխարհային հանրության հիացմունքը: Բայց ոչ մի նման բան չի լինի: Ալիևը շռնդալից հաղթանակ կտանի, իսկ Արցախը կարող է հանգիստ շարունակել իր վստահ զարգացումը, ավարտելով դեպի միջազգային ճանաչում իր ուղին»,-ասել է Դվորնիկովը:
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: