7 հոկտեմբերի 2013 - 17:43 AMT
Հանուն տարածաշրջանի անվտանգության ՀԱՊԿ պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ ՌԴ ռազմակայանների գործարկմանը

ՀԱՊԿ երկրները պատրաստ են կիրառել բոլոր միջոցները, ներառյալ ռուսական ռազմակայանները, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Դուշանբեի Ռուս-տաջիկական սլավոնական համալսարանում:

«Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ բոլոր ուժերը, ներառյալ ռուսական ռազմակայանները ՀԱՊԿ երկրներում, գործի կդրվեն ի շահ կազմակերպության բոլոր երկրների, այդ թվում նաև 201-րդ ռուսական ռազմակայանը Տաջիկստանում, որի ստորաբաժանումները մտնում են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մեջ»,- ասել է Նառիշկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընթացիկ տարում Ռուսաստանն ու Տաջիկստանը վավերացրել են Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմակայանի կարգավիճակի ու գործողության ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը:

Ըստ նրա, բազմաբևեռ աշխարհակառուցվածքի ժամանակակից համակարգի կայացման գործընթացը սառեցնելու, մոլորակի վրա միաբևեռ աշխարհի կառուցման փորձերը ներքին հակամարտությաւններին ուժային միջամտության միջոցով, հանգեցնում են Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք «անկայունության կորագծի» առաջացմանը:

Այդ պայմաններում չափազանց կարևոր է ամրապնդել ՄԱԿ ու ԱԽ դերը՝ խստորեն ղեկավարվելով միջազգային իրավունքի սկզբունքներով ու հակամարտությունների հանգուցալուծման դեպքում ապահովել քաղաքական միջոցների առաջնայնությունը:

Հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու:

«ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- նախօրեին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

2013 թ. հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը: Դրանով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվեցին, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էռազմական արդյունաբերության ոլորտումնոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հրապարակ» թերթն ԱԺ-ում իր աղբյուրների վրա հղումով, առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կվավերացնեն կարևոր մի պայմանագիր, ըստ որի ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: Հայաստանը կլինի միակ երկիրը, որը նման պայմանագիր կունենա Ռուսաստանի հետ: «Նմանատիպ պայմանագիր ՌԴ-ն ունի Բելառուսի հետ, սակայն այնտեղ կան վերապահումներ, որոնք Հայաստանի դեպքում չեն գործի»,-գրել է թերթը: