8 հոկտեմբերի 2013 - 14:50 AMT
Հասան Ռոուհանի. Իրանը կկարգավորի միջուկային խնդիրը

Իրանի իշխանությունները լի են վճռականությամբ կարգավորելու միջուկային խնդիրը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Associated Press-ի վրա հղումով, Ռոուհանին ընդգծել է խաղաղ ատոմային ծրագիր ունենալու երկրի իրավունքը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում:

Միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը Իրանի հետ տեղի կունենա Ժնևում հոկտեմբերի 15-16-ին:

Սեպտեմբերի 26-ին «վեցնյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց բանակցությունների հաջորդ լիագումար փուլն անցկացնել Ժնևում հոկտեմբերի 15-16-ը:

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Իրանի հարցի շուրջ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2013 թ. հոկտեմբերի 28-ին: Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը

հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

Photo:nbc.com