9 հոկտեմբերի 2013 - 14:45 AMT
Deutsche Welle. Ընտրություններն Ադրբեջանում կարող էին համեմատաբար ժողովրդավարական լինել, բայց հաստատ ոչ այս անգամ

«Երկրում, որի օգնությամբ Եվրամիությունը հուսով է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ընտրություններ են: Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը հոկտեմբերի 9-ին նոր նախագահ է ընտրում: Հավանաբար, դա կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Հասարակական կարծիքի հարցումները նրան շռնդալից հաղթանակ են կանխատեսում 9 մրցակիցների հանդեպ՝ ձայների մինչև 90 տոկոսով»,- գրում է Deutsche Welle-ն:

Եվ թեկուզ, գրում է պարբերականը, Ադրբեջանի ԿԸՀ ղեկավարը խոսում էր «ժողովրդավարական ընտրությունների» մասին, արևմտյան քաղաքագետները, օրինակ՝ Ուվե Հայբախը, համամիտ չեն: Ընտրություններն Ադրբեջանում կարող էին «համեմատաբար ժողովրդավարական ու ազատ լինել»,- ենթադրել է Բեռլինի «Գիտությունը և քաղաքականությունը» հիմնադրամի փորձագետը: Ըստ նրա, ադրբեջանցիների մեծ մասը սատարում է Ալիևին, իսկ ուժեղ մրցակիցներ ընդդիմադիրների թվում նա չունի:

Սակայն, ըստ գերմանացի փորձագետների, այս անգամ ընտրություններն Ադրբեջանում ժողովրդավարական չեն լինի: Դրանք ուղեկցվում են «նախագահի գերիշխանական դիրքով ԶԼՄ-ներում, կոշտ գործողություններով ընդդիմադիրների դեմ, ժողովների անցկացման ազատության սահմանափակումներով»:

«Չափազանց լավատեսական է» համարում հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների մասին նաև Կագան Ատիլգանը, որը Ադենաուերի անվան գերմանական հիմնադրամի «Քաղաքական երկխոսությունը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավարն է: Ադիլգանը դրա պատճառը համարում է թեկնածուների անհավասար հնարավորությունները:

Ամեն ինչ վկայում է, որ հետխորհրդային տարածքում առաջին ու միակ քաղաքական դինաստիայի կառավարումը կշարունակվի ևս 5 տարի, նշում է Deutsche Welle-ն:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններից մեկ օր առաջ սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին քվեարկության արդյունքների մասին: Այդ մասին գրում է լրագրող Մովսուն Հաջիևը «Էխո Մոսկվի»-ի բլոգում:

Ըստ աղբյուրի, ընտրությունների արդյունքները՝ տոկոսի մեկ հարյուրերորդի ճշգրտությամբ, նշված էին IPhone-ի ու Android-ի համար նախատեսված հատուկ հավելվածներում, որոնք մշակել է «Happy Baku» ընկերությունը (ասվում է, որ մշակմանը մասնակցել է նաև Ադրբեջանի ԿԸՀ-ն):

Հոկտեմբերի 8-ին ակտիվացված հավելվածներում տեղեկություններ էին պարունակվում այն մասին, որ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72,76 տոկոսը, միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 7,4 տոկոսը: Ըստ լրագրողների, տվյալների հրապարակումը տեղի է ունեցել «տեխնիկական սխալի» պատճառով:

Photo: trend.az