9 հոկտեմբերի 2013 - 17:41 AMT
The Los Angeles Times. Ամերիկացիներն ավելի լավ կարծիքի են վհուկների մասին, քան Կոնգրեսի

«Հասարակական կարծիքի հարցումներն այս փուլում միանգամայն հետևողական արդյունքներ են ցույց տալիս՝ ամերիկացիները դժգոհ են բյուջեի հետ կապված պատմությունից ու պետհաստատությունների փակվելուց, բայց ավելի շատ զայրանում են հանրապետականների, քան ժողովրդավարների վրա»,-գրում է The Los Angeles Times-ը:

Սակայն Public Policy Polling կատակ-հարցումը մի քայլ առաջ է անցնում՝ հեղինակները հարցնում են մարդկանց նրանց նախապատվությունների մասին, պարզելով, թե ինչն է նրանց համար առավել համակրելի՝ Կոնգրեսը թե հայտնի մարդիկ, սերիական մարդասպանները, հիվանդությունները կամ շատերի համար ատելի պետական հաստատությունները, նշում է հոդվածի հեղինակ Ռոբին Աբգարյանը:

Պարզվել է, որ ամերիկացիներն ավելի լավ կարծիքի են վհուկների մասին, քան Կոնգրեսի (հարցավածների 46 տոկոսը 32 տոկոսի դիմաց), թութքի (53 տոկոսը 31-ի դիմաց) և երդվյալ ատենակալների պարտականությունների մասին (73 տոկոս 18-ի դիմաց): Նույնիսկ պետական գերատեսչությունները, ինչպիսիք են պետավտոտեսչությունն ու հարկային ծառայությունը, ավելի շատ համակրանք են առաջացնում մարդկանց մոտ, քան Կոնգրեսը՝ 58 տոկոսը 24 տոկոի, 42 և 33 տոկոսի հարաբերակցությամբ:

Սակայն, ըստ հարցման, ամերիկացիները Կոնգրեսին ավելի լավ են վերաբերվում, քան Պուտինին և մարդասպան Չարլզ Մենսոնին: Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշվիների վրա կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ամենօրյա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ ժամկետը օրենսդիրները պետք է պայմանավորվեն պետպարտքի շեմի բարձրացման մասին:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական: