Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին հարցեր են տալիս Հայաստանի և ՀՀ քաղաքացիների հետ նրանց կապերի մասին:
Ինչպես հայտնում է «Սովետսկի սպորտը», պարբերականի թղթակիցը հետևյալ տեսարանի ականատեսն է դարձել. մոսկվաբնակ Սերգեյ Ն-ն, որն անձնագրում Հայաստանում լինելու մասին նշումներ ուներ, տառացիորեն հարցաքննության է ենթարկվել սահմանապահի կողմից:
«Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան, ինչո՞վ եք զբաղվում, ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում, կապեր ունե՞ք արդյոք Հայաստանում»,-ահա հարցերի այն ոչ լրիվ ցանկը, որին ստիպված էր նա պատասխանել:
Երկրպագուին առաջարկվել է լուսանկարվել անցակետի մոտ, որից հետո նրան ազատ են արձակել:
Ռուսաստանցի երկրպագուները մեկնում են Բաքու մասնակցելու համար Ռուսաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների ընտրական խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 15-ին: Ադրբեջանի ու ՌԴ ազգային հավաքականների հանդիպման շեմին տեղի կունենա երկու երկրների երկրպագուների հանդիպումը:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է Ադրբեջանի հավաքականի խաղացողներին 127 հազար դոլար պարգևավճար Ռուսաստանի հանդեպ հաղթանակի համար ԱԱ-2014 վերջին ընտրական խաղում: