Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասի հայտարարության, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրավունք կստանան մասնակցելու գործողություններին Կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս ցանկացած տարածքում: Դա նշանակում է, որ դաշինքի զինվորական ստորաբաժանումները, որին մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, կարող են խաղաղապահ ուժեր մտցնել իրենց սահմանից դուրս ցանկացած երկիր: Այդ առնչությամբ փորձագետներն ենթադրություններ են անում, թե որ երկիրը կարող է առաջին փորձադաշտը հանդիսանալ ՀԱՊԿ առաքելության համար:
Ներկայումս համատեղ ստորաբաժանումներում, որոնք կոչվում են Արագ արձագանքման հավաքական ուժեր, ընդգրկված է մոտ 26 հազար զինծառայող:
Ինչպես գրում է Integration կայքը, մինչև վերջերս ՀԱՊԿ զորակազմի մասին քիչ էր խոսվում: Սակայն, հաշվի առնելով Նեվիգլասի սենսացիոն հայտարարությունը, փորձագետները ենթադրում են, որ մեծ հավանականություն կա, որ բավականին շուտով ՀԱՊԿ խաղաղապահները ավելի հայտնի կդառնան: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, այդ միավորումները «միանգամայն ունակ են գործողությունների»: Նրանք կարող են իրենց հմտությունները կիրառել խաղաղապահ գործողությունների անցկացման համար: Ինչպես ասել է Բորդյուժան, վերջին իրադարձությունների զարգացման տրամաբանությունը համաշխարհային քաղաքական կյանքում վկայում է դրանց կիրառման հավանականության մասին: Ամեն դեպքում, ՀԱՊԿ խաղաղապահները պատրաստ են նման շրջադարձին:
Ինչպես հայտարարել է Նեվիգլասը, հոկտեմբերին մեծ զորավարժություններ տեղի կունենան, որի ժամանակ խաղաղապահ զորակազմը պետք է հասունության քննություն հանձնի ՀԱՊԿ լիազոր կոմիտեի ներկայացուցիչների առջև: ՀԱՊԿ-ին իրավունք կտրվի մասնակցել գործողությունների իր պատասխանատվության գոտուց դուրս: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ անդամներն որոշել են դուրս գալ դաշինքի սահմաններից՝ օրինականացնելով իրենց մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին ՄԱԿ խնդրանքով և մանդատով: Փաստացի այդ գաղափարն արդեն հավանություն է ստացել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները պատրաստ են կիրառել բոլոր միջոցները, ներառյալ ՌԴ ռազմակայանները, ապահովելու համար անվտանգությունը տարածաշրջանում: «Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ բոլոր ուժերն ու համակարգերը, ներառյալ ռուսական ռազմակայանները ՀԱՊԿ երկրներում, կգործարկվեն կազմակերպության շահերից ելնելով, այդ թվում Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմակայանը, որի ստորաբաժանումները ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում»,-ասել է Նառիշկինը: